Վերջերս միջազգային մի գիտաժողովի էի հրավիրված, որում Ղազախստանի որոշ քաղաքագետներ, զուտ ռոմանտիկ ընկալումներով հիացած, խոսում էին 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագրի մասին և վստահ փաստում, որ դա կհանգեցնի նաև Չինաստանի ու հարևան այլ երկրների հետ իրենց լոգիստիկ կապերի ընդլայնմանը։
Ընդ որում, որևէ մեկը չէր անդրադառնում, այսպես կոչված, «անխոչընդոտ ճանապարհ» ալիևյան արտահայտությանը։ Մինչդեռ, գաղտնիք չէ, որ դա նշանակում է անվերահսկելի կամ մասամբ վերահսկելի մուտք ու ելք։
Այս առնչությամբ գործընկերներիս փոխանցեցի հետևյալ անհանգստությունը։ Պատշաճ հսկողության պակասը հավասարապես խնդրահարույց է ոչ միայն Հայաստանի, այլև «գունեղ հեռանկարով» ոգևորված տարածաշրջանի մյուս երկրների համար։ Պատահական չէ, որ այս գաղափարը առավելապես ոգևորել է թմրանյութերի հսկայական շրջանառության շահառու Պակիստանին, որը կարողացել է այդ աղտով ապականել ողջ Եվրոպան։ Նույն Ղազախստանը, որ առայժմ կարողացել է գոնե մասամբ դիմակայել թմրամոլությանը, ինչպե՞ս է պատկերացնում ապագան, ԱՄՆ-ի նման պա՞տ է կառուցելու Կասպիցի ափին, ինչպե՞ս է համոզելու Չինաստանին, որ չկա որևէ սպառնալիք իր հետ լոգիստիկ կապերի համատեքստում (Չինաստանը մեծ դժվարությամբ է ժամանակին հաղթահարել այդ արհավիրքը և հրաշալի պատկերացնում է, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները)։ Ի դեպ, Պակիստանի անմիջական հարևան Հնդկաստանին, որն անգամ պատերազմի մեջ է գտնվում վերջինիս հետ, չի հաջողվել դիմակայել թմրամոլությանը։
Խնդրել եմ գործընկերներիս սթափ ու համալիր վերլուծել խնդիրը նաև այլ ասպեկտներով՝ մարդկանց թրաֆիքինգ, ապօրինի զենքի շրջանառություն և այլն։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, ապա իմ անհանգստությունը նույնն է՝ կոմունիկացիոն ծառայությունների գրեթե աննկատ ընդլայնմամբ Սյունքի աստիճանական յուրացում, այո՝ խաղաղ ճանապարհով:
Գևորգ Դանիելյան